30/11/2016 15:20
Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. քրեակատարողական վարչությունը հաստատում է
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
««Վարդաշենում» խցերի շինվերանորոգման աշխատանքներով, ինչպես նաև գերբնակեցման խնդրի լուծմամբ պայմանավորված` Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ գործընթացն արտառոց չէ, իրավաչափ է և կրում է շարունակական բնույթ:
««Արմավիր» ՔԿՀ են տեղափոխվել նաև քրեակատարողական հիմնարկի շուրջ 3 տասնյակ դատապարտյալներ», - հավելեց նա:
Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: