02/12/2016 13:03
Economist. «Թուրքիայի եվրաինտեգրման ջանքերը միացված են արհեստական շնչառության սարքին»
Բրիտանական «Economist» ամսագիրն իր վերջին համարում անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, փոխանցում է Ermenihaber.am կայքը:
«Թուրքիայի եվրաինտեգրման ջանքերը միացված են արհեստական շնչառության սարքին» վերնագրով հոդվածում ասված է.
«Այսօր առկա հարաբերությունները երկար կյանք չունեն: Եվրոպան Թուրքիայի եվրաինտեգրմանը զրոյական աջակցություն է ցուցաբերում: Անդամակցության բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս: 10 տարում կողմերը 35 գլուխներից միայն 16-ն է բացել, իսկ 8 գլուխ ընդհանրապես փակվել է Թուրքիայի՝ Կիպրոսը ճանաչել չցանկանալու պատճառով: Կղզու հյուսիսային ու հարավային հատվածների վերամիավորման հարցի քննարկումը նոյեմբերի 22-ին վերջնականապես փակվեց»:
Ամսագիրը նշում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ծայր առած մասսայական ձերբակալությունները հակասում են ԵՄ օրենքներին, իսկ մահապատժի վերականգնման վերաբերյալ Թուրքիայի կառավարության կողմից կատարված հայտարարությունները Եվրախորհրդի համար «կարմիր գիծ են»:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիան ցանկություն ունի միանալու «Շանհայի հնգյակին» և այդ նպատակով Էրդողանը նույնիսկ մտադիր է հանրաքվե անցկացնել: Մյուս կողմից, Թուրքիայի վերաբերյալ եվրոպական տարբեր գործիչների պարբերական հայտարարություններին ի պատասխան՝ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի թշնամական է դառնում:
«Էրդողանն արևմուտքին մեղադրում է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետության» (ԻՊ-IŞİD) հետ կապի մեջ: Արտգործնախարարը գլուխ է գովում, թե չի պատասխանել գերմանացի պաշտոնակցի հեռախոսազանգին: Իշխանամետ թերթերն առանց որևէ ապացույց ներկայացնելու գրում են, թե Արևմուտքը համախմբվել է Թուրքիայի դեմ:
Եվրոպացի դիվանագետները զգուշացնում են, որ հարաբերությունների կրած վնասն արդեն երբեք հնարավոր չէ լինի վերականգնել: Նրանցից մեկը նշել է. «Հարաբերությունները վերականգնելու միակ ճանապարհը բռնություններին վերջ տալն ու ձայնի տոնը իջեցնելն է: Այսպես շարունակելու դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի բաժանումը միայն ժամանակի խնդիր է»: