02/12/2016 12:12
«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների հանդեպ պետք է շատ զգույշ և նուրբ վերաբերմունք ունենալ. Լևոն Մկրտչյան
«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակը մտահոգում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
«Այսօր խորհրդի նիստ ենք հրավիրել, որտեղ ներկա կլինի նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ կատարվածը քննարկելու համար: Այն, ինչ տեղի է ունենում «Փոքր Մհեր»-ում, շատ մտահոգիչ է: Ես՝ որպես նախարար, գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ խորհրդի նիստում պատրաստվում է բաց քննարկել կրթահամալիրի տնօրենների հաճախակի փոփոխման հարցը:
«2010 թվականից մինչև այսօր 5-6 տնօրեն է փոխվել «Փոքր Մհեր» կրթահամալիրում: Այդպիսի բան չի լինում, ուրեմն ինչ-որ բան այդ հաստատությունում ճիշտ չէ», - ասաց Լ. Մկրտչյանը:
Բացի այդ, Լևոն Մկրտչյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ այդ կրթահամալիրի սաները մեր երկրի ապագա պաշտպաներն են, որը և պետք է հիմք հանդիսանա նրանց նկատմամբ «շատ ավելի զգույշ և նուրբ վերաբերմունք ունենալուն»: