02/12/2016 15:01
Անձեռնմխելի ֆինանսավորման ֆոնդեր են ստեղծվելու` համալսարաններից անկախ. Լևոն Մկրտչյան
Հայաստանի բուհերում ներմուծվելու է ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված անձեռնմխելի ֆոնդերի գաղափարը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Եթե հիշում եք, կառավարության ծրագրում ամրագրվեց անձեռնամխելի ֆոնդերի գաղափարը: Հիմա մենք փորձում ենք համալսարաններից պահանջել, որպեսզի ձևավորեն նման ֆոնդ: Եթե համալսարանը ճիշտ ձևաչափ ունի և հասարակությունը հարգում է այն, ապա բուհը ձևավորում է ֆոնդ, որը տալիս են տնօրինելու անկախ հաստատությանը, որի եկամուտներից հետագայում համալսարանը օգտվում է՝ իր նպատակաների համար», - նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանը ընդգծեց, որ աշխարհում գրագետ և ճիշտ ֆինանսապես կառավարվող համալսարաններում ուսանողների վճարների բյուջեն լինում է համալսարանական ընդհանուր բյուջեի ոչ ավել, քան 30-40%, այնինչ Հայաստանում՝ պատկերն ամբողջովին այլ է:
«Այսօր մեր համալսարանները՝ բացառությամբ Հայաստանում աշխատող միջազգային համալսարանների՝ Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական, մնացած բոլորը, ըստ էության, երկու ֆինանսավորման հենք ունեն. շատ փոքր քանակությամբ բյուջե՝ ոչ ավել քան 20%, իսկ ֆինանսավորման 80%՝ ուսանողների վճարից», - ասաց նախարարը: