02/12/2016 16:02
Արմեն Մարտիրոսյանը ևս հրաժարվեց պատասխանել, թե համագործակցելո՞ւ են «Լուսավոր Հայաստան», «Քաղպայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ
«Ժառանգության» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում չպատասխանեց հարցին, թե «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համագործակցելու է առաջարկ «Ժառանգությունը» ստացել է, թե ոչ:
«Որևէ մեկնաբանություն կոնկրետ անունների, կոնկրետ թեմաների շուրջ չեմ կարող տալ, մինչև «Ժառանգություն» կուսակցությունը վերջնականապես հստակ չորոշի իր անելիքները: Այժմ մենք քննարկումների փուլում ենք», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Կուսակցության փոխնախագահն ասաց, որ քննարկումները ոչ միայն կուսակցության ներսում են, այլ նաև կուսակցությունից դուրս՝ գործընկեր կուսակցությունների հետ:
«Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, որի գլխավոր նպատակը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը և երկրում արմատական բարեփոխումները, որը պետք է սկսվի իշխանափոխությունից: Այդ գլխավոր նպատակն ունենք, և այդ նպատակի շուրջ եթե կա համաձայնություն այլ գործընկերների հետ, ապա առաջ կշարժվենք», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Մտավախություն չունե՞ք, որ ընդդիմադիր այլ դաշինքներ ևս կարող են ձևավորվել, այդպիսով չի՞ պառակտվի ընդդիմադիր դաշտը» հարցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Թող ձևավորվեն, ինչ խնդիր: Իհարկե, կպառակտվի: Դրա համար մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք»:
Նախօրեին «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում էր տեղի ունեցել, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:
Ավելի վաղ նշել էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հրաժարվել էր պատասխանել հարցին, թե «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին դիմե՞լ են համագործակցելու նպատակով: