02/12/2016 13:44
Բուհերում կլինի նոր կառավարման համակարգ. Լևոն Մկրտչյան
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն ձևավորվելու է ինքնուրույն բուհական համակարգ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Փորձել ենք հնարավորինս նվազեցնել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ: Այս օրենքը ճանապարհ է բացում բուհում բոլոր տիպի կառավարման հետ առնչվող երկրորդական խնդիրները նախարարության վրայից բեռնաթափելուն», - նշեց Լ. Մկրտչյանը:
Նա նշեց, որ այս նպատակով բուհերում ներմուծվելու է երկու հիմնական հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը ռեկտորն է լինելու, և գիտխորհուրդը:
«Գիտխորհրդի դերակատարությունը մեծացրել ենք, այսինքն՝ իրենք պետք է կարողանան պատասխան տալ ամբողջ ակադեմիական որակի համար, իսկ ռեկտորի ֆունկցիան լինելու է ընդամենը կառավարման համակարգը», - նշեց նախարարը:
Հարցին, թե մտավախություն չկա արդյոք, որ պատահական մարդկանց մոտ ռեկտոր դառնալու ցանկություն կառաջանա, Լևոն Մկրտչյանը պատասխանեց.
«Նոր օրենքի նախագծի համաձայն, ռեկտորն է պատասխանատու ֆինանսական և կազմակերպչական խնդիրների համար, ուստի թող բուհը որոշի՝ ում է ընտրում որպես ռեկտոր»: