02/12/2016 20:55
Եվրոպոլ. ԻՊ-ն փոխում է մարտավարությունը և սպառնալիք է մնում Եվրոպայի համար
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը Մերձավոր Արևելքում կորցնում է դիրքերը, սակայն Եվրոպայում խմբավորումը փոխում է մարտավարությունը և լուրջ սպառնալիք է մնում բնակչության համար: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին է վկայում Եվրոպայի ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հրապարակած զեկույցը:
«ԻՊ-ի տեսակետով՝ Բելգիայում և Ֆրանսիայում 2015 և 2016 թվականներին իրականացված ահաբեկչական գործողությունները հաջող էին եւ արդյունավետ, - նշված է փաստաթղթում, - Հաշվի առնելով այս փաստը և նկատի ունենալով, որ ահաբեկչական խմբավորումը նախկինի պես հնարավորություններ ունի հարվածներ հասցնելու համար` Եվրոպայում պահպանվում է մոտ ապագայում նոր գրոհների հավանականությունն ինչպես անհատների, այնպես էլ խմբերի կողմից»:
Ընդ որում ահաբեկչական գործողությունների վտանգ գոյություն ունի «ոչ միայն Բելգիայում և Ֆրանսիայում, այլև բոլոր մյուս երկրներում, որոնք մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարին ԱՄՆ-ի կազմած կոալիցիայի շրջանակներում», իսկ բուն գրոհները կարող են կազմակերպված լինել այնպես, «որ վարկաբեկեն սիրիացի փախստականներին և Եվրոպայի երկրներին հարկադրեն փոխելու իրենց քաղաքականությունը նրանց նկատմամբ»: