02/12/2016 14:15
Ադրբեջանի կողմից վրացական «Նավթի ու գազի կորպորացիայի» ակցիաների գնումը Հայաստանի համար սպառնալիք չի ստեղծի. Թաթուլ Մանասերյան
Վրացական լրատվամիջոցները վերջին օրերին հայտարարեցին, որ Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերությունը պատրաստվում է ֆոնդային բորսայում վաճառել ակցիաների 25 տոկոսը: Այս հայտարարությունից անմիջապես հետո ադրբեջանական SOCAR ընկերությունը ակցիաները գնելու մտադրություն հայտնեց:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ անհավանական չի համարում Ադրբեջանի կողմից ակցիաների ձեռքբերումը:
«Ամեն ինչ հավանական է, քանի որ հիմնական շարժիչ ուժը տնտեսական շահն է, իսկ տվյալ դեպքում կան նաև քաղաքական շահեր: Այս առումով, այդ հավանականությունը բնավ չի կարելի բացառել», - ընդգծեց նա:
Տնտեսագետի կարծիքով՝ սա Հայաստանի համար էներգետիկ անվտանգության խնդիրներ չի առաջացնի: Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար սպառնալիքներ չեն լինի, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի կապերն են, այլ քառակողմ հարաբերությունները՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:
«Առայժմ դրանք բավական բարդ հարաբերություններ են և ոչ միանշանակ գնահատվող: Եթե համարենք, որ Ռուսաստանը որոշակիորեն կայունության և տնտեսական շահերի պահպանման շահագրգռված կողմ է, ապա դա սպառնալիքի չի կարող վերածվել», - հավելեց տնտեսագետը:
Դիտարկմանը, հավանական է արդյոք համարում, որ ակցիաները կարող են ձեռք բերվել Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից մասնավորապես «Գազպրոմի» կամ «Գազպրոմ Արմենիայի»՝ տնտեսագետը նշեց, որ ոչինչ բացառել չի կարելի՝ ընդգծելով, որ այս հարցում չի կարելի թերագնահատել ՌԴ դերակատարությունը:
«Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական զարգացումների առումով Ռուսաստանը համարժեք քայլեր պետք է նախապատրաստի»: