02/12/2016 10:02
ՊԵԿ նախագահն առաջարկել է իր աշխատակիցներին զեղչով հանգստանալ Ծաղկաձորի «Մարիոթում». «Ժողովուրդ»
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը համակարգի աշխատակիցներին առաջարկել է 20 տոկոս զեղչով կազմակերպել իրենց հանգիստը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալիրի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ սերտ կապեր ունի, ինչն էլ ՊԵԿ նախագահին հնարավորություն է տվել նման առաջարկ անել աշխատակիցներին։ Հավելենք, որ նշանակումից ի վեր, պետական միջոցառումները ՊԵԿ-ը կազմակերպում է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս առնչությամբ ՊԵԿ-ից պարզաբանումներ ստանալ։ Ի պատասխան մեր հարցին՝ ՊԵԿ լրատվականից հայտնեցին, որ Վարդան Հարությունյանը նման առաջարկ համակարգի աշխատակիցներին չի արել, ավելին՝ նա որևէ առնչություն չունի Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հետ։ Լրատվական բաժնից հավելեցին, թե այս ընթացքում ՊԵԿ-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում ընդամենը մեկ նիստ է իրականացրել։