02/12/2016 12:28
Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատված Սոցիալական ապահովության պետական ծառայության պետն անգործ չի մնացել
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետն անգործ չի մնացել:
«Արմեն Աբրահամյանն աշխատանքի է անցել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման հիմնադրամում՝ որպես տնօրեն», - Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը գոհ է Արմեն Աբրահամյանի աշխատանքից, ով 2011 թվականից ծառայությունում աշխատանքի է անցել:
«Պարոն Աբրահամյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատող է, մարդ, ով մեծ ներդում ունի այդ ոլորտում», - ասաց նախարարը՝ շեշտելով, որ ՍԱՊԾ պետն օգնել է նախարարությանը այն աշխատանքների իրականացման գործում, որի արդյունքները տեսանելի են:
«Մասնավորապես, կենսաթոշակային համակարգի նոր տեղեկատվական շտեմարանի ներդրման, բազաների ձևավորման, ցուցակների մաքրման և այլ աշխատանքներում», - նշեց Արտեմ Ասատրյանը:
Նախարարը կարծում է, որ Արմեն Աբրահամյանն իր ներուժն ամբողջությամբ ներդնելով շատ օգտակար կլինի նոր պաշտոնում:
Արտեմ Ասատրյանը նաև նշեց, որ «առաջիկայում պարզ կլինի» ծառայության պետի պաշտոնում նոր թեկնածուի անունը: