Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը նոր պետ ունի:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արտակ Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին վարչապետն աշխատանքից ազատել էր ՍԱՊԾ պետ Արմեն Աբրահամյանին:
Արտակ Ղազարյանն ունի զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան տասնհինգամյա փորձ։ Վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս Ինթերնեշընըլ» ընկերությունը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը կենաթոշակների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում։
Արտակ Ղազարյանի ղեկավարած ծրագրերը ներառել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինովացիան, զբոսաշրջությունը, տնտեսական մրցունակությունն ու էներգետիկան։
Արտակ Ղազարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, ՀՀ կառավարման ակադեմիան և Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցը։ Մասնագիտական և ծրագրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և գերմաներենին: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։
Ծնվել է 1973թ․ փետրվարի 8-ին, Վայք քաղաքում։ Զինապարտ է, ունի պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: