02/12/2016 19:40
Սուրբ ծննդյան տոնավաճառ՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը. Լուսանկարներ
Սուրբ ծննդյան տոնավաճառներն ամբողջ աշխարհում ամենատարածված ու սիրված են, ինչին սպասում են գրեթե բոլորը՝ անկախ տարիքից: Նմանօրինակ տոնավաճառներում ներկայացված են բազմաթիվ գեղեցիկ ձեռագործ աշխատանքեր, թեմատիկ ուտեստներ ու խմիչքներ, ամեն քայլափոխի սպասվում են անակնկալ երաժշտական, պարային, մրցութային հարթակներ: Սուրբ ծննդյան տոնավաճառները միշտ հագեցած են, լուսավոր, տոնական ու մարդաշատ:
Այսօր նման տոնավաճառի մեկնարկը տրվեց Երևանում՝ Գերմանիայի դեսպանության տարածքում:
Aysor.am-ի թղթակիցը շրջեց բոլոր ներկայացված տաղավարներով՝ ծանոթանալու առաջարկված տեսականուն:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, որ տոնավաճառից ստացված հասույթը կուղղվի Գյումրիում հատուկ կարիքներ ունեցող կանանց «Ագաթ» ՀԿ-ին:
«Որքան շատ գլյուվայն ճաշակեք կամ այլ ուտելիքներ գնեք, այնքան մեծ կլինի այն հասույթը, որը մենք սիրով տրամադրելու ենք այդ ՀԿ-ին», - նշեց դեսպանը:
Իր ելույթից հետո դեսպանը քայլեց դեպի գլյուվայնի վաճառակետ՝ վճարելով մեկ բաժակի համար նախատեսված 1000 դրամը:
Ավստրիական և գերմանական Գլինտվեյն կամ գլյուվայնը այդ երկրներում շատ հայտնի Սուրբ ծննդյան տաքացնող ըմպելիք է: Մոտենալով վաճառակետին՝ կարելի էր, իսկապես, ինքնուրույն համոզվել, որ այն շատ տաք է, քանի որ եռացող տարայից գոլորշի էր դուրս գալիս:
Վաճառողները պատմեցին, որ այն պատրաստում են կիտրոնից և նարնջից, ամեն տարի պարտադիր խմում են հենց Սուրբ Ծննդյան տոներին:
Մեկ այլ տաղավարում ներկայացված էր գերմանական «Weizenbock» գարեջուրը, որն, ինչպես վաճառողը պատմեց, շատ հայտնի է Գերմանիայում:
Տոնավաճառի տաղավարներում նաև ներկայացված էին հայկական գունավոր և հետաքրքիր ձեռքի աշխատաքներ:
Միջոցառմանը տոնական տրամադրություն պարգևեց Կանանց միջազգային ասոցիացիայի երգչախումբը՝ Սուրբ Ծննդյանը նվիրված երգերով:
Ի՞նչ տոնավաճառ առանց Սուրբ Ծննդյան մասին պատմող գրքերի: Տաղավարներից մեկում ներկայացված էին գեղեցիկ կազմով բազմաթիվ գրքեր:
Սուրբ ծննդյան տոնավաճառին ներկա էին նաև երեխաները, ովքեր անհամբեր սպասում էին Նիկոլաուս Ձմեռ պապին:
Երեխաների սպասելիքներն արդարացվեցին, քանի որ վերջում նրանց այցելեց Սուրբ Նիկոլաուսը: