02/12/2016 14:13
Վահան Շիրխանյանի վիճակը շատ վատ է. փաստաբան
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու համար, այսօր ներկա չէր գործով նշանակաված առաջին դատական նիստին:
«Վահան Շիրխանյանի վիճակը շատ վատ է, նա չի կարողանում ոտքի վրա կանգնել, իսկ 15-20 րոպեից ավելի պարզապես չի կարող նստած մնալ», - լրագրողներին ասաց Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին պետք է պատգարակով դատական նիստերի դահլիճ բերեն:
«Եթե պատգարակով կբերեն, թող բերեն, այդ դեպքում ամեն ինչ նորմալ է», - ասաց Հ. Ալումյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև 2017 թվականի հունվարի 13-ը՝ ժամը 14:30-ը:
Նիստը հետաձգվեց, որպեսզի մյուս անգամ հնարավոր լինի ապահովել Վահան Շիրխանյանի ներկայությունը դահլիճում:
Այս գործով, հիշեցնենք, անցնում է 20 անձ: Որպես զինված խմբի ղեկավար՝ ներկայացվում է Արթուր Վարդանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել:
2015 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է: Հայտնաբերվել են մեծ քանակի ռազմամթերք, պայթուցիկ և այլ նյութեր, զինվորական հանդերձանք, փաստաթղթեր և այլ իրեր:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: