02/12/2016 12:50
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կարիք չի լինի այցելել տարածքային կենտրոն (Տեսանյութ)
2016 թվականի դեկտեմբերից տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են առցանց դիմել և իրենց հաշվեհամարին ստանալ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն առանց սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոններ այցելելու կամ անհարկի տեղեկանքներ ներկայացնելու:
«Ներդրված համակարգն առաջին քայլն է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ ու սա շարունակական գործընթաց է լինելու», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ նպաստներից ծննդյան նպաստի իրավունքն առաջին ու երկրորդ երեխաների ծննդյան դեպքում քաղաքացին հնարավորություն է ստանում իրացնելու առանց տարածքային կենտրոն այցելելու:
«Այսինքն՝ առանց բոլոր այն քաշքշուկների, թղթաբանության, պաշտոնատար անձանց հետ շփումների, որոնցից շատ դժգոհություններ ենք միշտ լսում մեր քաղաքացիներից», - նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանը շեշտեց՝ մեկ բան պետք է հստակ ամրագրել, որ այս ձևաչափով իրավունքի իրացումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ բոլոր անհրաժեշտ տվյալները պետական մարմինների կողմից տարվող տեղեկատվական շտեմարաններում առկա են:
«Եթե չկան տեղեկատվական շտեմարանում համապատասխան տվյալներ, թեկուզ, մեկ տվյալ, դա հնարավոր չէ իրականացնել, որովհետև տվյալ դեպքում անհրաժեշտ է քաղաքացու այցը, համապատասխան թուղթ ներկայացնելը և այլն», - ասաց Ա Ասատրյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են ևս մեկ կարևոր քայլ անել կենսաթոշակների և մյուս նպաստների համակարգում:
Նշենք, որ սոցապնախարարության այս ձեռքբերումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ու Համաշխարհային բանկի աջակցության շնորհիվ:
«Կարծում եմ, որ այս համակարգի ներմուծման շնորհիվ բազմաթիվ ձեռբերումներ կգրանցվեն, հատկապես, միանվագ նպաստի համակարգի ներմուծման հարցում», - նշեց ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշամը:
Նրա խոսքով՝ մեկ այլ ձեռքբերում է, որ տվյալ համակարգի շնորհիվ էական բարձրանում է թափանցիկությունը նպաստի տրամադրման գործունեության ընթացքում:
«Տվյալ համակարգի ներդրումը կխնայի միլիոնավոր դրամներ, որոնք պետական բյուջեից են հատկացվում», - շեշտեց նա: