02/12/2016 18:12
ՓՄՁ զարգացման դաշնային կորպորացիայի աջակցությամբ Հայաստանում կտեղայնացվի բիզնես նավիգատորը
ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիայի մարկետինգի և տեղեկատվական աջակցության բաժնի պետի տեղակալ Վլադիսլավ Ցվետկովի հետ, ով ներկայացրել է ՌԴ-ում գործող գործարար նավիգատորը, այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարարության մամուլի ծառայությունը:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիան և «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով սահմանված համագործակցության հիմնական ուղղություններից է վերոհիշյալ գործարար նավիգատորի տեղայնացումը Հայաստանում:
Այս գործիքը ձեռնարկատերերի համար նախատեսված առցանց համակարգ է, որը վերջիններիս հնարավորություն է ընձեռում ճիշտ որոշում կայացնել բիզնես սկսելու համար` առաջարկելով նախընտրելի վայրում անշարժ գույք, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրում հարևանությամբ գտնվող շուկայի ծավալների, ուղղակի և անուղղակի մրցակիցների, անհրաժեշտ մասնագետների և այլ կարևոր գործոնների վերաբերյալ: Կարգավորումներից հետո նավիգատորն ավտոմատ կերպով ձևավորում է մոտավոր բիզնես-ներդրումային ծրագիրը:
Ըստ համաձայնության` Ռուսաստանի ՓՄՁ զարգացման դաշնային կորպորացիայի միջոցներով նավիգատորը կտեղայնացվի Հայաստանում: