02/12/2016 18:30
Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ռազմական համագործակցության ռազմական ծրագիրը
Դեկտեմբերի 1-ից 2-ը աշխատանքային այցով Երևանում էր գտնվում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Կարոլիս Ալեկսայի գլխավորած պատվիրակությանը: Այցի ընթացքում կայացել է Կարոլիս Ալեկսայի հանդիպումը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Քննարկվել և ամփոփվել են հայ-լիտվական ռազմական համագործակցության ոլորտում 2016 թվականին իրականացված միջոցառումները, արձանագրված ձեռքբերումները և նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՀ ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2017 թ. ծրագիրը:
Դեկտեմբերի 2-ին լիտվական պատվիրակությանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդյունավետ է և զարգացման լուրջ ներուժ ունի:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լիտվական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: