03/12/2016 09:39
«Հայբիզնեսբանկը» «թալանել է» սնանկացած ընկերությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ «ՀԿԲ-էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայբիզնեսբանկի»։ Թերթին հայտնի է դարձել, որ ընկերության սնանկության գործերով կառավարիչը ներկայացրել է աճուրդը և դրա հիման վրա կատարված գործարքը անվավեր ճանաչելու պահանջ։
«Ժողովուրդի» հետ զրույցում Սերյոժա Հարությունյանը պարզաբանել է, որ արդեն իսկ սնանկ ճանաչված ընկերության գույքը իրացրել է «Հայբիզնեսբանկը»։ Այս իսկ պատճառով իրենք դիմել են դատարան՝ ընդդեմ բանկի։ «Պետական պարտավորություններ կան պետությանը, որոնք պետք է վերադարձվեն։ Ուստի դիմել ենք դատարան, որպեսզի գույքը իրացրած ընկերությունը անվավեր ճանաչի գործարքը»։
«Ստացվում է, որ «Հայբիզնեսբանկը» ամբողջությամբ իրացրել է ծայրահեղ վիճակում գտնվող ընկերության գույքը, և այժմ «ՀԿԲ-էլեկտրոնը» ստիպված է դատական կարգով հետ վերցնել ունեցվածքը, որպեսզի կարողանա պետության պարտքերը մարել։ Ինչպես մի առիթով ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, թալանը «պոզով-պոչով» հո չի լինում։ Բանկը «թալանել է» «մահացած» ընկերությանը»,-մեկնաբանել է թերթը։