03/12/2016 11:51
Զորախմբի նպատակը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունն ապահովելն է. Արտակ Զաքարյան
Հայ-ռուսական միավորված զորախմբի ստեղծման և դրա հետագա գործունեության մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ:
-Պարոն Զաքարյան, ինչո՞ւ հենց հիմա որոշվեց զորախումբ ստեղծել:
- Այդ հարցը դինամիկայի մեջ պետք է դիտարկել: Դա խոսում է հայ-ռուսական ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հարաբերության շրջանակներում անընդհատ կատարելագործվող ծրագրերի իրականացման մասին: Ըստ էության, նման միացյալ խմբավորման ստեղծելու հիմնական նպատակը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունն ապահովելուն ուղղված ջանքերն են: Բնականաբար, զորախումբը գոյություն ուներ, իսկ նոր կնքված համաձայնագրով կողմերը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմ, կազմակերպել դրա ղեկավարումը, կիրառումը, համատեղ լուծել հրամանատարության ձևավորման հարցերը, ապահովել զորքերի միացյալ գործողությունները՝ կոնկրետ խնդիրների լուծման հարցում:
-Ի՞նչ կտա սա Հայաստանին:
-Կարծում եմ, որ այս համաձայանգիրը բավականին օգտակար կարող է լինել՝ ելնելով տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված սպառնալիքներին դիմագրավելուց, և այն հանգամանքից, որ մենք այդ համագործակցությունը նաև դիտարկում ենք՝ որպես ՀԱՊԿ համակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկը:
-Ադրբեջանը սա որակեց որպես ճնշում իր վրա: Կարող է արդյոք զորախումբն անհրաժեշտության դեպքում միջամտել հայ-ադրբեջանական բախումներին:
- Եկեք նախապես նմանատիպ խնդիրների ձևակերպումներ չտանք, ուղղակի արձանագրենք, որ համատեղ գործողությունների և վերլուծությունների արդյունքում քննարկվելու և գնահատվելու է սպառնալիքի աստիճանը: Եթե այն լինի այնպիսին, որ այդ զորախումբն այդտեղ անելիք ունենա, բնականաբար, Հայաստանի Հանարապետության մասով զորախումբը իր գործողություններն իրականացնլու է՝ ապահովելով ՀՀ պաշտպանությունը և անվտանգությունը: Զորախումբը որևէ կողմի դեմ ուղված չէ, բայց միևնույն ժամանակ հարավային Կովկասի տարածաշրջանում կամ դրա մի մասում ապահովում է երկարատև և կայուն անվտանգության խնդիրները: