03/12/2016 15:32
Համարձակությունը, սկզբունքայնությունը և անկախությունը պետք է ուղեկցի ապագա փաստաբանին. Արա Զոհրաբյան
Այսօր տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատին կից գործող փաստաբանների դպրոցի 50 շրջանավարտներին արտոնագրեր ստանալու միջոցառումը:
Ելույթ ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով ապագա փաստաբաններին հիշեցրեց վերջիններիս համար կարևոր սկզբունքերը:
«Մենք մեր ունկնդիրներին միշտ հորդորել ենք հեռու մնալ կոռուպցիայից: Եվ ճիշտ պատկերացնել փաստաբանի դերն ու նշանակությունը: Համարձակություն, սկզբունքայնություն և անկախություն. այս որակները մշտապես պետք է ուղեկցեն փաստաբաններին», - նշեց Ա. Զոհրաբյանը:
Վերջինիս ելույթից հետո հաջորդեց փաստաբանների դպրոցի խորհրդի պաշտոնական քվեարկությունը, որը միաձայն որոշեց՝ արտոնագիր հանձնել բոլոր 50 շրջանավարտներին:
Շրջանավարտների հանդիսավոր երդմանը արարողությանը անմիջապես հաջորդեց արտոնագրերի հանձնումը:
Aysor.am թղթակիցը զրուցեց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հետ, ով մանրամասներ ներկայացրեց դպրոցի վերաբերյալ:
«Դպրոցի այս մոդելը վերցված է Ֆրանսիական դպրոցի մոդելից, գործում է 2012 թվականից, ընդունվել կարող են բարձրագույն կրթություն ունեցող իրավաբանները, ուսուցման տևողությունը 6-12 ամիս է: Այն ունի հիմնադրամի կարգավիճակ, որը, ըստ էության, փաստաբանների կողմից ստեղծված առանձին կառույց է», - նշեց Ս. Բաբայանը:
Միջոցառմանը ներկա էր իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով նույնպես հայտնվել էր շրջանավարտի դերում: Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ այդքան փորձառու իրավաբանը միայն հիմա է ստանում արտոնագիր, նա ասաց.
«Երբ ինձ մի անգամ հարցրեցին, թե ո՞րն է եղել իմ մեծ ձախողումը, նշել եմ՝ լիցենզիա չունենալը, որը հիմա շտկեցի», - նշեց Ա.Ղազարյանը:
Aysor.am թղթակիցը հետաքրքրվեց Արա Ղազարյանից, թե ո՞ր որակավարման քննությունն է դժվարությամբ հաղթահարել, նա նշեց «Կալանք որպես խափանման միջոց» առարկան, որը հենց ինքն է դասավանդում:
«Ցածր եմ ստացել հենց այն առարկան, որն ինքս եմ դասավանդում: Դասվարը, ով ստուգել էր աշխատանքը, մեկնաբանություններում նշել էր, որ խնդիրը լուծել եմ որպես տեսաբան, ոչ՝ որպես պրակտիկ: Խնդրի տեսական լուծումը դատարանում կարող է վատ անդրադառնալ պաշտպանյալի վրա», - ասաց փաստաբանը: