03/12/2016 12:40
Սիրիայի կառավարական ուժերի արշավի հետևանքով ավելի քան 30 հազար մարդ է լքել Հալեպում իր տունը
Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի մի շարք շրջաններում իրականացվող ազատագրման ռազմարշավի հետևանքով ավելի քան 30 հազար մարդ է հեռացել այդ շրջաններից, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է РИА Новости-ն:
Համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` 31.500 մարդ տեղափոխվել է Հալեպի արևելյան շրջաններից, որտեղ կրկին վերահսկողություն են հաստատել Սիրիայի կառավարական ուժերը:
Դյուժարիկն ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ ընդհանուր առմամբ հումանիտար իրավիճակը Հալեպում շարունակում է վատթարանալ:
Վերջին ամիսներին Հալեպում տիրող իրավիճակը կտրուկ սրվել է. քաղաքում և շրջակա արվարձաններում դաժան մարտեր են ընթանում:
Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հազարավոր խաղաղ բնակիչների են պահում քաղաքի արևելյան թաղամասերում և խափանում են հումանիտար միջանցքներով հեռանալու նրանց բոլոր փորձերը: