03/12/2016 14:34
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է ու հիմնված է զոհվածների հարազատների էմոցիաների վրա. Արծրուն Հովհաննիսյան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցը՝ «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» ոչ պրոֆեսիոնալ է ու կառուցված է զոհվածների հարազատների էմոցիաների վրա, այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Զեկույցը լիովին ուսումնասիրվելու է ու լինելու է ՊՆ պաշտոնական պատասխան։ Նախնական ուսումնասիրությամբ ես կարող եմ մի քանի բան արձանագրել։ Օրինակ՝ դրանում նշվում է, որ զինվորների ծնողների խոսքով՝ տանկերում վառելիք չի եղել։ Եթե պետք է, ես պատրաստ եմ հատուկ անմիջապես տանկը կանգնեցնել ու մասնագիտորեն ապացուցել, որ հնարավոր չէ տանկից վառելիքը լիովին թափել, դա տեխնիկապես է անհնար։ Ինչքան թափես՝ 40-60 լիտր անպայման տակը մնալու է, իսկ այդ 60 լիտրով տանկը 2 օր կաշխատեր», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա անդրադարձավ զեկույցում նշված մի հարցի ևս՝ որոշ զինծառայողների մասունքների հետ կապված։ Ըստ դրա՝ ծնողները չեն հավատում, որ իրենց է բերվել որդու աճյունը, քանի որ դագաղները փակ են եղել։
ՊՆ մամուլի քարտուղարը բացատրեց, որ որոշ հանգամանքներում, մասնավորապես՝ տանկիստների դեպքում, ցավոք, ամբողջական չի պահպանվում անձնակազմից ոչ մեկի աճյունը և հաճախ ծնողներին են բերում մասունքներ միայն։
«Այս զեկույցը կառուցվել է զոհված զինծառայողների հարազատների ցասման վրա», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ զեկույցի վերաբերյալ կլինի ՊՆ պաշտոնական պատասխան՝ լիարժեք ուսումնասիրությունից հետո։