03/12/2016 13:56
Ռազմական ոստիկանությունը զորակոչի ընթացքի հետ կապված խարդախության դեպք է բացահայտել. Քաղաքացուց պահանջել են 7000 դոլար
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, Երևանի բնակիչ, 1969 թ-ին ծնված Լ. Մ. Հ-ը, 2016 թ-ի դեկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2016 թ-ի փետրվար ամսին քաղաքացի 1974 թ. ծնված Ն. Է. Ե. միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 ԱՄՆ դոլար, այնուհետև ևս 250 000 ՀՀ դրամ գումար է տվել ոմն Ե.Մ.-ին, որդուն՝ Տ. Լ. Հ.-ին 2016 թ-ի ամառային զորակոչին տարեկետում տրամադրելու նպատակով: Այս մասին լրագրողներին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հղում անելով ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնին։
Տ. Լ. Հ.-ն 2016թ-ի հուլիսի 7-ին, սակայն զորակոչվել է ՀՀ ԶՈւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ.-ն վերը նշվածը չի կատարել, իսկ Լ.Մ.Հ.-ին գումար չի վերադարձրել: Փաստի առթիվ Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում:
ՌՈ-ից վստահեցնում են, որ ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։