03/12/2016 17:22
Հնարավոր չէ 6 ամիս կառավարել հեռակա նկարագիր չունենալով. վարչապետ
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպվել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով, որի ընթացքում վարչապետը պատասխանում է իրեն ուղղված հարցերին:
«Կառավարությունը դեռ 2014 թվականին ընդունել էր ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, որը նախատեսված է 10 տարվա համար: Մյուս կողմից՝ Ձեր կառավարության կյանքը կարճ է: Ինչպե՞ս եք պլանավորում երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները» հարցին Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե կառավարության ծրագրի մասին խոսելիս իրենք ասել են, որ ներկայացնում ենք երկու փուլ:
«Առաջին փուլում կարճաժամկետ ծրագիրն է, որն արագ փոփոխվող, արագ հաղթանակի, որոշ առումով նաև վեկտորն ու գրադիենտը կհուշեն, թե ոնց ենք պատկերացնում շարժվել», - ասաց Կարեն Կարապետյանը՝ շարունակելով. «Երկրորդ փուլը երկարաժամկետ տեսլականն է, որը մտադիր ենք կազմակերպել պետություն-մասնավոր սեկտոր տարբերակով, ընդ որում՝ ընդգրկելով սփյուռքի մեր գործընկերներին, որպեսզի ասենք, թե ոնց ենք պատկերացնում, երկիրն ուր է գնալու»:
Վարչապետի խոսքով՝ կարճաժամկետ ծրագիր են ներկայացրել, որպեսզի հնարավոր ընդդիմախոսները չասեն, թե դուք ինչ գիտեք, 2017 թվականի ապրիլից հետո լինելու եք, թե ոչ. «Բայց մյուս կողմից էլ, հնարավոր չէ 6 ամսվա համար կառավարել հեռակա նկարագիր կամ նպատակ չունենալով: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, որ նախաձեռնել ենք ստեղծել, այս պահին մենք կառավարությունում ամփոփում ենք բոլոր բարեփոխումները, որոնք կան, այդ թվում նաև 2014 թվականին, և դրա բազայի վրա վրա, երկարաժամկետ ծրագիրը ձևավորելու ենք»: