06/12/2016 13:48
«Փոքր Մհեր»-ում երեխային, որպես տույժ, զրկել են շաբաթ-կիրակի օրերին տուն գնալուց. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համար խնդրահարույց են «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների նկատմամբ կիրառված տույժի միջոցները:
«Երեխային, որպես տույժ, զրկել են շաբաթ և կիրակի օրերին տուն գնալուց, ինչն ակնհայտորեն հակասում է ընտանիքի հետ կապին», - լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա շեշտեց, որ այդ տույժի միջոցն իր համար խնդրահարույց է:
«Ընդհանրապես, պետք է հասկանալ՝ արդյոք անհրաժեշտ են այդ ներգործության միջոցները: Եթե այո, ինչպես պետք է գործադրվեն», - նշեց Ա. Թաթոյանը:
Պաշտպանը վստահեցրեց, որ հետևողական են լինելու երեխաների իրավունքների վերականգման հարցում։
Նոյեմբերի 28-ին կրթահամալիրի սաներն առավոտից բողոքի ցույց էին սկսել՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը:
Ըստ սաների` տնօրենն իրենց անվանում է «անասուններ», «հորթեր», «դիշովկաներ» և նույն վերաբերմունքն ունի նաև կրթահամալիրում դասավանդող սպայակազմի նկատմամբ:
Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, իսկ ՄԻՊ որոշմամբ անհապաղ այց էր իրականացվել կրթահամալիր: