06/12/2016 17:44
Արմեն Ռուստամյանը ողջունում է Սերժ Թանկյանի՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդ լինելու ցանկությունը
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ողջունելի է համարում սփյուռքահայերի ձգտումը՝ մասնակցել ապրիլին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Անդրադառնալով երեկ Սերժ Թանկյանի հայտարարությանը, որ ընտրություններին կմասնակցի սփյուռքահայերի դիտորդական խումբ, որում ընդգրկված կլինի նաև ինքը՝ Թանկյանը՝ պատգամավորը նշեց.
«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Թանկյանն էլ է ուզում մասնակցել ընտրություններին՝ որպես դիտորդ: Ես վստահ եմ, որ նա կտեսնի, որ աննախադեպ ընտրություններ տեղի ունեցան Հայաստանում, որովհետև այն, ինչ մենք փոխել ենք ընտրական համակարգի մեջ, նախադեպը չունի», - նման կարծիք Արմեն Ռուստամյանը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Վերջինս ընդգծեց, որ այսօր հաջողվել է ձեռք բերել մի ընտրական համակարգ, որ թույլ է տալիս ընտրություններն անցկացնել այնպես, որ իշխանությունն էլ կարողանա արդար ճանապարհով հասնել վերարատադրման, ընդդիմությունն էլ հնարավորություն ունի իշխանափոխություն անել:
«Մենք ընդդիմության համար արձանագրել ենք նվազագույն մանդատների քանակը, որը նախկինում երբեք չի եղել։ Այսինքն, 1/3-րդից պակաս ներկայացվածությունը ընդդիմությունը խորհրդարանում չի ունենալու», - ասաց նա և հավելեց, որ ընտրությունները թույլ կտան ստեղծել իշխանություն-ընդդիմություն իրար հակակշռող համակարգ, որը Հայաստանում դեռևս չի եղել։