06/12/2016 17:40
Մարտուն Գրիգորյանը չի շտապում հաստատել Շիրակի մարզում ՀՀԿ ցուցակում իր ընդգրկվելու մասին լուրերը
Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռևս չի շտապում բացել փակագծերը խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ։
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք որևէ քաղաքական ուժից իրենց թիմում ընդգրկվելու առաջարկ կա, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց.
«Առաջարկությունները շատ են եղել, բայց այս պահի դրությամբ մեր անելիքները մեր թիմով ենք քննարկում, վերջնական կորոշեն և հանդես կգան հստակ հայտարարությամբ», - ասաց նա։
Դիտարկմանը, թե չի բացառում արդյոք, որ ՀՀԿ-ի ցուցակում կընդգրկվի՝ Մարտուն Գրիգորյանը պատասխանեց.
«Այս պահի դրությամբ բոլորս էլ գիտենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ինչ-որ մի կուսակցության համամասնական ցուցակում պիտի ընդգրկվել։ Դա բնական է, բայց թե կոնկրետ, որ քաղաքական ուժին, մոտ օրերս մենք կհրապարակենք», - նշեց նա։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ռեյտինգային կարգով կընդգրկվի ՀՀԿ ցուցակում։