06/12/2016 19:22
Նեմաթզադե. Իրանը կնպաստի Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծմանը
Իրանը կնպաստի Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծմանը, իրանական «Փարսթուդեյ.քոմ» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն:
Իրանի կառավարության անդամը՝ Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, համոզմունք է հայտնել, որ Իրանն ու Հայաստանը ունեն տնտեսական և հարաբերությունների ընդլայնման հնարավորություն:
Հավելենք, որ նախօրեին Թեհրանում տեղի էր ունեցել Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն առանձին հանդիպումներ էր ունեցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հետ:
Իրանի նախագահի առաջին տեղակալը հայտարարել էր, որ Հայաստանն Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում:
«Պարսից Ծոցը Կասպից ծովին կապելու նպատակով համապատասխան ենթակառուցվածքների հիմնումը երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելուն ուղղված լավ հնարավորություն է: Իրանն ու Հայաստանը պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացին», - հավելել է Էսհաղ Ջահանգիրին:
ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն էլ, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցությանը, մասնավորապես ասել է. «Ներկայում էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը կազմում է 300 մեգավատ, առաջիկայում նախատեսում ենք ներկայիս ծավալը հասցնել 1200 մեգավատի»: