06/12/2016 11:49
Ջո Բայդենն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի նախագահի 2020-ի ընտրություններում
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2020 թվականին կայանալիք նախագահի ընտրություններին, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով The Hill-ին:
Դա կլինի Սպիտակ տան աթոռը զբաղեցնելու նրա երրորդ փորձը: Բայդենն իր որոշման մասին հայտարարել է Կապիտոլիումում՝ պատասխանելով իր քաղաքական ապագայի վերաբերյալ լրագրողների հարցին:
Պատասխանն այնպես է նրանց զարմացրել, որ փոխնախագահին կրկին հարցրել են, թե նա կատակ չի անում արդյոք, իսկ նա տևական դադարից հետո բացասական պատասխանել է տվել՝ հավելելով, որ ճակատագիրն ամենաանկանխատեսելի կերպով պլաններին միջամտելու սովորություն ունի:
2020 թվականին Բայդենը կլինի 78 տարեկան, այնպես որ, եթե նա շահի ընտրությունները, ապա կդառնա ամենածեր նախագահն ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում՝ այդ կոչումը խլելով 70-ամյա Թրամփից: