06/12/2016 15:10
Պետք է հրաժարվենք «թոշակառու աշխատողներից». Վարդան Արամյանը վստահեցնում է` ՊՈԱԿ-ների կրճատումը կշարունակվի
ՊՈԱԿ-ների կրճատման հաշվին տնտեսություն ավելացած գումարները դեռ առաջին ծիծեռնակներն են ու գործընթացը լինելու է շարունակական, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Անդրադառնալով պատգամավոր Մհեր Շահգելդյանի դիտարկմանը, թե այդ կրճատումների հաշվին ավելանում է նաև գործազուրկների թիվը, ֆինանսների նախարարն ասաց` դա պարտադրված քայլ է, որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար:
«Երկու երնեկ մի տեղում չի լինում: Նաև այս դահլիճում մեր մի շարք գործընկերներ ներկայացրել են տեսակետներ, որ պետական ապարատը ծանրաբեռնված է: Այստեղից պետք է հետևություն անել, որ այն միջոցները, որոնք ծախսվում են պետական ապարատի վրա, պետք է ծախսվեն արդյունավետ: Ես մի քանի անգամ ասել եմ այն չափանիշները, որոնց շրջանակում մենք գնում ենք օպտիմալացման: Դրանից մեկն է` արդյոք կան դուբլիկացիաներ մեր պետական ծառայողների աշխատանքներում, արդյոք այդ աշխատանքը տնտեսության մեջ ստեղծում է ավելացված արժեք, արդյոք նույն ծառայությունը մասնավորը չի մատուցում և անիմաստ է, որ գումար ծախսենք»,- ասաց Վարդան Արամյանը:
Նա վստահեցրեց` կրճատումների հաշվին տնտեսված գումարն ավելանալու է:
«Մենք գնում ենք ու գնալու ենք դրան: Շուրջ 300 մլն-ի տնտեսումն առաջին ծիծեռնակներն են, անկեղծ ասած, որովհետև մենք կարծում ենք, որ շատ ավելի մեծ է լինելու այդ գումարը: Եթե կա աշխատող, ով, այսպես ասած, աշխատող թոշակառու է, այսինքն նա աշխատում է, իսկ արդյունք չի ստեղծում, ճիշտ կլինի, որ մենք հրաժարվենք: Իհարկե, բարդ է նայել այդ մարդկանց աչքեր մեջ ու ասել «գիտեք ձեր ծառայությունն այլևս պետք չէ», իհարկե, նրանք համալրելու են գործազուրկների բանակը, բայց դա պարտադրված քայլ է, եթե մենք ուզում ենք տնտեսության մեջ իրականացնել բարեփոխումներ»,- ասաց Ֆինանսների նախարարը: