06/12/2016 11:02
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա՝ հանդես գալով որպես նախագահի թեկնածու
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը երեքշաբթի պաշտոնաթողության խնդրագիր կներկայացնի պետության ղեկավար Ֆրանսուա Օլանդին, հայտնում է ТАСС-ը:
Այդուհետև 54-ամյա քաղաքական գործիչը գործունեությունը կշարունակի արդեն նոր՝ նախագահի թեկնածուի կարգավիճակով:
Նախօրեին Էվրիի քաղաքապետարանում նրա ունեցած ելույթը, որը ընթացքում նա հայտարարեց առաջիկա պաշտոնաթողության և հանրապետության բարձրագույն պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին, աչքի էր ընկնում հակիրճությամբ. հարգալից մի քանի խոսք Ֆրանսուա Օլանդի վերաբերյալ, սոցիալիստներին ու Ֆրանսիան միավորելու խոստում, երկու-երեք խոսք ընդդիմախոսների՝ աջ կենտրոնամետների ու Ազգային ճակատի ուղղությամբ և նախազգուշացում՝ «ոչինչ կանխորոշված չԷ»:
Դրա համար միանգամայն բավարար էր 20 րոպեն: Վալսը խոստացել է «արդիականացնել, բայց պահպանել ֆրանսիական մոդելը»: Արտաքին գործերում նա շեշտը դրել է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում «անկախ ու սկզբունքներից չընկրկող» ուղեգծի վրա:
Նա հավաստել է արտաքին քաղաքականության եվրոպական կողմնորոշումը: Սոցիալիստների փրայմերիզներում Վալսի մրցակիցը կդառնա Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրը: