06/12/2016 13:10
«Հայկական վերածնունդը» կբոյկոտի Վանաձորի ավագանու առաջիկա նիստը
Մինչև տարեվերջ Վանաձորի ավագանի Մամիկոն Ասլանյանը մտադիր է ևս մեկ նիստ գումարել՝ ակնկալելով, որ այս անգամ ավագանու նախորդ նիստերը բոյկոտած ընդդիմադիրները՝ «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը», կմասնակցեն նիստերին։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ավագանու կողմից «Հայկական վերածննդին» ավագանու նիստերին մասնակցելու հորդոր չի եղել։
«Մենք մեր կարծիքը հրապարակավ արդեն ասել ենք և չենք մասնակցելու նիստերին մինչև ընդհանուր որոշում չլինի։ Սա է մեր մոտեցումը և այն չի փոխվել։ Փաստը փաստ է, որ ընդդիմությունը միասնական ուներ 18 մանդատ և, բնականաբար, նույնիսկ եթե ընտրական պրոցեսներ էլ չլինեին, ակնհայտ է, որ այդ ձայներով ավագանին պետք է լիներ ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական խմբից մեկը։ Իրականում, մանդատների մեծ տարբերություն կար, որովհետև ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 15 մանդատ ունեն միասին։ Այդ դեպքում ճնշումների միջոցով ձայներ տանել և ընդամենը քվեարկության արդյունքում հայտարարել, որ իրենք ընտրված են, ազնիվ և արդար չէ։ Դրա համար պետք է լուծում լինի, որպեսզի արդարությունը շահի», - ասաց նա։
Դիտարկմանը, թե ի՞նչ լուծումների մասին է խոսքը, Հեղինե Բիշարյանը նշեց, որ ընդիմադիր ուժերի ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը մնում է անփոփոխ։