06/12/2016 12:34
Էդուարդ Շարմազանովը գիտի, թե ինչու է աղմկում Ալիևը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը ՀՀ տարածքների նկատմամբ հավակնություններ չունի։
«Ինչո՞ւ է աղմկում Ալիևը, շատ պարզ է՝ ինչու է աղմկում, որովհետև բանակցային գործընթացում ոչ շահեկան իրավիճակում է գտնվում։ Ադրբեջանը փակուղի է մտել և պատահական չէ, որ հենց Ալիևը ասաց, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը։ Այս տարիների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի ղեկավարությունը փաստում է բանակցային գործընթացում իր ոչ շահեկան դիրքերի մասին», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Է. Շարմազանովը։
Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանը չի գիտակցում, թե որոնք են իր պատմական հողերը։ Որպեսզի այս հարցում Ադրբեջանի համար որոշակիություն մտնի, ԱԺ փոխնախագահը կրկին խորհուրդ է տալիս Ադրբեջանի ղեկավարությանը ընթերցել հին հունական, հռոմեական պատմիչներին։
«Մի քանի անգամ առաջարկել եմ ընթերցել։ Նրանք հայտնի կենդանի համառությամբ դա չարեցին։ Դրանից հետո, քանի որ նրանք ճանապարհորդել շատ են սիրում, առաջարկեցի լինել Հռոմում և տեսնել հին աշխարհի քարտեզը։ Այնտեղ հաստատ կգտնեն Հայաստանը, բայց չեն գտնի Ադրբեջանը», - ասաց նա։
«Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում երթեկել թանկարժեք մեքենաներով, ընդամենը մի հորդոր՝ թող կարդան Audi-ի Mercedes-Benz-ի պատմությունը ու կտեսնեն, որ առաջինը ինը տարով է մեծ Ադրբեջանից, երկրորդը՝ երկու», - հավելեց ԱԺ փոխխոսնակը։
Ավելի վաղ Իլհամ Ալիևը սահմանամերձ Թարթար այցելության ժամանակ հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ. «Այսօր մենք չենք հավակնում Հայաստանի ներկա տարածքներին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո´չ Երևանը, ո´չ Մեղրին, ո´չ Գորիսը: Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադարձնենք մեր բոլոր պատմական հողերը»։