07/12/2016 10:12
«Աշտարակ կաթ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի վճարման գործընթացն ընթացքի մեջ է. ՀԺ
«Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի վճարման գործընթացն ընթացքի մեջ է։ Այդ մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը՝ ընդգծելով. «Ոչ ոք չի անտեսվում»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով կառավարության ներկայացուցիչներին, հորդորեց ուշադրության կենտրոնում պահել ընկերության աշխատակիցների 3-5 ամսվա չվճարված աշխատավարձերի թեման և հաշվի առնել, որ այդ մարդիկ ընտանիք պահելու և վարկային պարտավորություններ կատարելու խնդիր ունեն։ Աշխատավարձերի մասով ավելի մանրամասն տեղեկություն Ավագյանը խոստացավ տալ վաղը։
Անդրադառնալով գյուղացիներին, ֆերմերներին ունեցած պարտքին՝ նա ասաց, որ մթերումների իրականացմանը զուգահեռ, օրը 4-5 ֆերմերների հետ անհատական զրույց են ունենում, անհատական պայմանավորվածություն ձեռք բերում ընկերության ունեցած պարտքի մարման ժամանակացույցի և չափաբաժնի առումով։