07/12/2016 12:30
Ոչ երկրաշարժի հետևանքով անօթևանների խնդրին կանդրադառնան աղետի գոտու վերացումից հետո. Ալբերտ Մարգարյան (Տեսանյութ)
Ոչ երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը Գյումրում կազմում է շուրջ 2000, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում: Նրանք կամ ժամանակին ստացել են բնակարան, վաճառել են կամ ընտանիքն առանձնացել է ծնողներից: Վերջիններիս խնդրին պետական մակարդակով անդրադարձ կլինի, երբ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների հարցը վերջնականապես կլուծվի: Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ անդրադառնալով անօթևաններին բնակարաններով ապահովելու խնդրին:
Իսկ մինչ այդ, ըստ վարչության պետի, գործում են բարեգործական ծրագրեր, որոնց շրջանակում գումարներ են հավաքվում, բնակարաններ են ձեռք բերում և տրամադրում սոցիալապես շատ վատ վիճակում գտնվող անօթևան ընտանիքներին:
«Աղետի գոտու բնակարանաշինության ծրագիրը մոտենում է ավարտին. 2016 թ. բյուջեով Շիրակի մարզպետարանին հատկացվել էր 798 մլն դրամ գումար, ինչպես նաև հատկացվել էր 826 մլն դրամ՝ վկայագրերի տրամադրման համար, այդ թվում՝ Գյումրում 616 մլն դրամ՝ 101 ընտանիքներին վկայագրեր տալու, և 210 մլն դրամ գումար՝ Ախուրյանի 36 ընտանիքներին վկայագրեր տրամադրելու համար: Վկայագրեր տրամադրելու և վկայագրերով բնակարան ձեռք բերելու գործընթացն այս պահին ավարտվել է: Գյումրիում և Ախուրյանում 137 ընտանիք ձեռք են բերել բնակարաններ», - Aysor.am-ի թղթակցին ասաց Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ Ախուրյան համայնքում 104 բնակարանով 3 անավարտ բնակելի շենքերի շինարարարական աշխատանքներն արդեն ավարտվում են:
«Գյումրիում երկրաշարժից անօթևան ընդամենը 60 ընտանիք կա, որոնք քաղաքաշինության նախարարության կողմից շահառուներ են ճանաչվել: Իրենց համար 2017 թ.-ի պետբյուջեով նախատեսված է համապատասխան գումար, որպեսզի վկայագրեր տրամադրվեն, ևս 19 գյուղական համայնքներում մնում է 171 ընտանիք, որոնց համար, դժբախտաբար, 2017 թվականին ծրագիր չի նախատեսվում», - ասաց Ա. Մարգարյանը՝ հույս հայտնելով, որ գյուղական համայնքների համար հավանաբար 2018 թվականին կիրականացվի ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիր:
Մանրամասնելով Ալբերտ Մարգարյանն ասաց, որ 2008 թվականին կառավարության կողմից երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների հաշվառում է իրականացվել. հերթացուցակում հաշվառվել են 4274 ընտանիք: Սկսած 2008 թվականից բոլոր քաղաքացիների բնակարանային գործերն ընդունվել, ուսումնասիրվել են, և համապատասխան հանձնաժողովը որոշում է կայացրել նրանց շահառու ճանաչելու մասին:
«Շահառու ճանաչված ընտանիքներից մնացել էր 450 ընտանիք, որոնք բնակարան չէին ստացել նորակառույց Մուշ և Անի թաղամասերում՝ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կառուցված 2812 բնակարաններից: Վերջին երկու տարվա ընթացքում Շիրակի մարզպետարանն այդ ընտանիքներին պետբյուջեի միջոցների հաշվին վկայագրեր է տրամադրել», - ասաց նա:
Մարգարյանի խոսքով՝ 4274 ընտանիքից 700-800-ը կամ շահառու չեն ճանաչվել հանձնաժողովի կողմից, կամ չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:
Մարզի քաղաքաշինության վարչության պետն ասաց, թե աշխատանքների որակը բավարարում է իրեն:
Դիտարկմանը, թե ինչպես են վերահսկում շինաշխատանքները, որպեսզի նախկինի պես բնակիչների կողմից դժգոհություններ չլինեն, Ալբերտ Մարգարյանը պատասխանեց. «Հաստատ չի լինի. եռաստիճան վերասկողություն է իրականացվում՝ և Շիրակի մարզպետարանը, և քաղաքաշինական պետական տեսչությունը վերահսկում են, ինչպես նաև համապատասխան պայմանագրով տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունն է վերահսկում այն»: