07/12/2016 11:20
Առնվազն 25 մարդ է զոհվել Սումատրա կղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժից
Առնվազն 25 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Աչե արևմտյան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, բոլոր զոհվածները Պիդիջայա շրջանի բնակիչներ են: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է շրջանի փոխղեկավար Սայիդ Մուլյադին Metro TV հեռուստաալիքի եթերում:
6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի առավոտյան՝ Սումատրա կղզուց ոչ հեռու:
Մուլյադիի խոսքով՝ ավերված շենքերի փլատակների տակ տասնյակ մարդիկ են մնում: Փրկարարական աշխատանքներին խանգարում է տեղանքի բարդ լանդշաֆտը: Պաշտոնյան հավելել է, որ Պիդիջայայի հիվանդանոցները լեփլեցուն են տուժածներով, մարդկանց մի մասին հարկ է լինում ուղարկել հարևան շրջաններ:
Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության տեղական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ երկրաշարժն ավերել է բազմաթիվ մզկիթներ, հանրային օգտագործման շինություններ եւ բնակելի շենքեր, բայց առայժմ հնրավոր չէ ստույգ գնահատել աղետի մասշտաբները: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն համապատասխան բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին ցուցում է տվել շտապ կարգով օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին: