07/12/2016 12:42
Արագած Ախոյանը չի շտապում հաստատել իր՝ ՀՀԿ վարկանիշային ցուցակում ընդգրկվելու մասին լուրերը
Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը նոր խորհրդարանում իրեն տեսնում է պետականամետ դաշտում։ Այս մասին պատգամավորը նշեց՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե նոր խորհրդարանում, ո՞ր դաշտում վերջինս հանդես կգա՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական։
«Ընդդիմադիրն էլ Հայաստանի քաղաքացի է՝ մտահոգված Հայաստանի ճակատագրով, ինչպես իշխող հատվածը, ուղղակի այստեղ մի տարբերություն կա՝ մեկը գնում է առջևից, մյուսը գնում է հետևից։ Առջևից գնացողի թերությունները միանգամից երևում և քննադատվում են։ Հետևից գնացողները միշտ լինում են ավելի ճշմարտացի, որովհետև տեսնում են դիմացից գնացողի թերությունները և չեն կրկնում, բայց հերիք է տեղերով փոխվեն հակառակ պատկերն է ստացվում, դրա համար ես այսօր շատ չեմ բևեռում ընդդիմադիր և իշխանական դաշտը։ Ես ավելի պետականամետ ուղղվածություն ունեմ», - ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ պաշտոններ զբաղեցնելու ամբիցիաներ չունի։ Անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, որ ինքը բանակցում է ՀՀԿ-ի հետ վերջինիս վարկանիշային ցուցակում ընդգրկելու համար՝ Ա. Ախոյանն ընդգծեց.
«Սա գաստրոնոմ չէ, որ գնանք բանակցություններ վարենք։ Նոր սահմանադրությամբ գաղափարախոսական կուսակցությունների դերը ավելի ամրապնդված է։ Կան հոգեհարազատ որոշակի ուղղվածություներ, դրա համար այս քառօրյան կավարտվի, պիտի գործուղման գնամ, երբ վերադառնամ կնստեմ և հանգիստ կքննարկեմ այդ հարցը»։