07/12/2016 09:15
Կառավարությունը փորձում է հրաժարվել արհեստական աճ ցույց տալու գայթակղությունից
Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 18,7%-ով անկում գրանցեց սեպտեմբերի նկատմամբ, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ՝ 7,8%-ով: «Հոկտեմբերյան անկմանը» անշուշտ դերակատարություն են ունեցել տնտեսության բոլոր ոլորտների ցուցանիշները այս կամ այն չափով, սակայն ամենամեծ բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսությունը:
Մոտ 30% -անոց անկումը, թե´ նախորդ ամսվա, թե´ նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշների համեմատ, չէր կարող զգալի ճնշումային վիճակ չստեղծել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Գյուղատնտեսության անկումը հիմնականում պայմանավորված է բուսաբուծության անկումով:
Ուշագրավ է, որ հենց նույն գյուղատնտեսությունն էր վերջին երկու տարվա ընթացքում անընդմեջ բարձր աճի տեմպեր հաղորդում տնտեսական ակտիվության ցուցանիշին: Նույնիսկ, հուլիս ամսին, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշը, այս տարի առաջին անգամ ցածր աճի տեմպ գրանցեց, գյուղատնտեսությունը հունիսի նկատմամբ գրանցել էր 50,6% աճ կամ գրանցել էր 150,6% արդյունք:
Սակայն, հուլիսին գյուղատնտեսությունը գրանցել էր 89,7 մլրդ. դրամի համախառն արտադրանքի ծավալ, իսկ հունիսին՝ 79,1 մլրդ դրամ (տե´ս ԱՎԾ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացվող մամլո հաղորդագրություններում):
Պարզ տոկոսային գործողությունը հուշում էր, որ ԱՎԾ-ի կողմից ներկայացված այդ ցուցանիշների համաձայն, աճը պետք է, որ կազմեր ընդամենը՝ 13,4%: Նման, անհասկանալի թվաբանություն ենք նկատում նաև հունիս և մայիս ամիսների ցուցանիշների նկատմամբ (մայիսին՝ 57,4 միլիարդ դրամ, հունիսին՝ 79,1 միլիարդ դրամ), երբ աճը ներկայացվել է 98,3%, այնինչ, ըստ ներկայացված թվերի, պետք է լիներ՝ 38%: Բարձր աճ էր գրանցվել նաև օգոստոսին հուլիսի համեմատ՝ 116,3%-ով, այսինքն՝ գրանցվել է 216,3% արդյունք:
Կարճ ասած, գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի հաշվարկման անհասկանալի մեթոդաբանություն կա, որը հաճախ չի համապատասխանում ներկայացված թվերի հետ: Այսինքն, ստեղծված թվերի խառնաշփոթում, երևում է, որ վերջին երկու տարում տնտեսական աճի ցուցանիշը արհեստականորեն ակտիվացել է հատկապես գյուղատնտեսության ցուցանիշների հաշվին, քանի որ բավականին բարդ է գյուղատնտեսական արտադրանքների ծավալները հաշվելը կամ ստուգելը։
Ինչևէ, հոկտեմբեր ամսին բնական է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը ցածր արդյունք պետք է գրանցեր սեպտեմբերի համեմատ, այսպես կոչված, գյուղատնտեսական սեզոնի աստիճանաբար ավարտի արդյունքում: 30%-անոց անկումը այս դեպքում այնքան էլ զարմանալի չէ: 2015 թվականին, նույնպես հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նվազել է 32%-ով, սակայն նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ աճ էր գրանցել՝ 13,2%-ով:
Համենայնդեպս, այս անգամ միգուցե փոփոխվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի հաշվարկման մեթոդաբանությունը, միգուցե ոչ. մեր վիճակագիրները դա կարող են ասել: Սակայն, սա վկայում է այն մասին, որ կառավարությունը փորձում է հրաժարվել այսուհետ արհեստական աճ ցույց տալու գայթակղությունից, մեթոդաբանական «խորամանկությունների» միջոցով՝ գյուղատնտեսության կամ ծառայությունների ոլորտների հաշվին: Չէ՞ որ վարչապետը բազմիցս հայտատարել է վիճակագրական «նկարչությունից» հրաժարվելու մասին, տնտեսության իրական պատկերը և հիմնախնդիրները ավելի ռեալ տեսնելու նպատակով: