07/12/2016 13:27
Աստված մեծ է, մի օր մի դուռ կբացի. Բաղդասարյանների բազմանդամ ընտանիքն ապրում է վագոն-տնակում (Տեսանյութ)
1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Բաղդասարյանները 6 հոգանոց ընտանիքով ապրում են վագոն-տնակում: Կենցաղային տարրական պայմաններ չունենալով՝ փորձում են չդժգոհել, չտրտնջալ, ասում են՝ Աստված մեծ է, մի օր մի դուռ կբացի:
Բազմանդամ ընտանիքում չորս երեխա է մեծանում: Մեծը՝ 19-ամյա Լևոն Բաղդասարյանը, 2-րդ կարգի հաշմանդամ է: Մյուսներն անչափահաս են: Դուստրերից 16-ամյա Աստղիկ Բաղդասարյանը սովորում է քոլեջում, փոքրը 2 տարեկան է, մանկապարտեզ է հաճախում:
Տղաներից երկրորդը՝ Դավիթ Բաղդասարյանը, 13 տարեկան է, սովորում է 7-րդ դասարանում: Դասերին զուգահեռ նաև բռնցքամարտի խմբակ է հաճախում:
Ընտանիքի մայրը՝ Արմինե Հովհաննիսյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ կես դրույքով հավաքարար է աշխատում Գյումրիում գործող Հաշմանդամների կենտրոնում: Ասում է, թե տրանսպորտի, ընդմիջման գումար չի ծախսում, հարմար է:
37 հազար դրամ նպաստ են ստանում, ամուսնու՝ 3-րդ կարգի հաշմանդամության թոշակը կազմում է 16 հազար դրամ, որդու հաշմանդամության թոշակը 19 հազար դրամ է, Արմինեի աշխատավարձն էլ մոտ 20 հազար դրամ է:
Չորրորդ երեխայի՝ 2 տարեկան Ռոզայի ծնվելուց հետո նոր է անցել աշխատանքի, ասում է, թե հույս ուներ, որ ավելի բարձր աշխատավարձով կարող էր աշխատանք գտնել, բայց՝ չկա:
Քաղաքապետարան է դիմել՝ սննդի խնդրանքով, ասել են, թե միայնակ ծերերին են օգնում. «Ամոթից էլ չեմ գնացել, երկրորդ անգամ չեմ դիմել»:
Ձմռանը հատկապես ավելանում են դժվարությունները. ջեռուցման խնդիր կա:
Ինչը որ վառվում է, ինչը հնարավոր է վառել, գցում են վառարանի մեջ, տաքանում. աշխատանքի վայրից թղթե արկղեր, եթե լինում է, բերում է, վառում են: Պատմում են, որ նույնիսկ աթոռ են կոտրել ու վառել: Գազ չունեն, վառելիք չեղած դեպքում հոսանքով են տաքացնում տնակը: Հոսանքի գումարը ևս չեն կարողանում վճարել:
«Այս պահին 900 կվտ հոսանք ենք օգտագործել, պետք է գնամ էլցանցերի տնօրենին խնդրեմ, տեսնեմ ինչով կարող են օգնել, որ լույսի պարտքը կարողանամ մարել: Արդեն մի ամսից ավելի պլիտա եմ վառել: Երեխան հիվանդ էր, մանկապարտեզից բուժքույրը զանգեց, թե երեխան ցնցումների մեջ է, ջերմությունը բարձրացել է, արի տար»:
Արմինեն ասում է, թե մեծ հույսերով է չորրորդ երեխային ունեցել. «Մտածում էի՝ եթե Աստված տվել է, ուրեմն կարող է օրհնի, տուն էլ ունենանք»:
Ամուսինն էլ կողքից հավելում է, թե ամառվա ընթացքում պարապ չի մնում, փայտ է կոտրում, այլ աշխատանք անել չի կարող, որովհետև ոտնաթաթը կտրված է, պրոթեզ է տեղադրված:
«1992 թվականն էր, բանակից նոր էի վերադարձել, փոստի շենքով անցնում էի, քանդվեց, մնացի տակը, կողքերս, ոտքս, գլուխս կոտրվել էր: Մինչև հասցրեցին Երևան, ոտնաթաթս սևացել էր», - պատմում է ընտանիքի հայրը:
Լվացք անելը, սնվելը, դասապատրաստումը, քնելը՝ բոլորը նույն սենյակում են:
13-ամյա Դավիթը բռնցքամարտի խմբակ է հաճախում, բազմաթիվ մրցանակներ ու պատվոգրեր ունի և ընդամենը մեկ պարտություն:
«Մեր հույսն ինքն է, տեսնենք ինչ կստացվի», - ասում է հայրը՝ միաժամանակ նշելով, որ գումար չլինելու պատճառով հաճախ չեն կարողանում մրցումների ուղարկել: