07/12/2016 14:19
Եթե քաղաքական ուժերը միավորվում են, հաղթելու շանսերը մեծանում են. Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի մասին
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաց է ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու համար։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մասնավորապես ՀՅԴ-ի հետ համագործակցությանը՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց.
«Առայժմ ՀՅԴ-ի հետ դաշինքով ընտրություններին գնալու մասին քննարկումներ չկան, բայց Դաշնակցությունը մեր կոալիցիոն գործընկերն է, և նման քննարկում կլինի։ Բայց առայժմ ո´չ Դաշնակցությունը, ո´չ էլ Հանրապետականը նման ցանկություն չեն հայտնել», - ասաց նա և ընդգծեց, որ եթե ՀՅԴ-ի կողմից լինի նման առաջարկություն, ապա ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել այդ հարցը։
Վերջինս դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք ընտրություններում հաղթելու ՀՀԿ-ի շանսերն ավելի մեծ չեն լինի, եթե ՀՀԿ-ն դաշինք կազմի ՀՅԴ-ի հետ։
«Անկեղծ ասած, դեռ մոնիթորինգ չենք կատարել, բայց եթե քաղաքական ուժերը միավորվում են, բնականաբար, հաղթելու շանսերը մեծանում են։ Համենայնդեպս, այդ հարցի քննարկման համար մենք դեռ ժամանակ ունենք», - ասաց նա։