07/12/2016 12:48
Կասկածում եմ, որ Սիսի կաթողիկոսարանի հարցով ՄԻԵԴ-ից դրական պատասխան կստանանք. թուրքագետ
Հայ եկեղեցուն Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու հարցով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության՝ ՄԻԵԴ դիմելը շատ բարդ գործընթաց է, Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Սա շատ բարդ գործընթաց է, մենք տեսանք, թե Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ն ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ ինչ խայտառակ որոշում կայացրեց», - ասաց նա:
Թուրքագետի խոսքով՝ Սիսի կաթողիկոսության տարածքների վերադարձի հարցը ավելի շատ ձայն բարձրացնելու խնդիր է:
«Սա կորցրած հողերի վերադարձի, Ցեղասպանության մասին կրկին խոսելու, պահանջների մասին կրկին ՄԻԵԴ-ում ու, իհարկե, նաև լրատվամիջոցներով լուսաբանելու հարց է», - նշեց նա:
Անդրանիկ Իսպիրյանը դրական է վերաբերում այս ամենին, սակայն ՄԻԵԴ-ից դրական պատասխան ստանալու հարցում, ցավոք, կասկածում է:
«Քանի որ ՄԻԵԴ-ը կարող է բազմաթիվ պատճառներ բերել՝ նույն Լոզանի օրենքը ու, ընդհանրապես, բազմաթիվ խնդրահարույց դեպքեր՝ հաշվի առնելով այն սուբյեկտիվ գործոնը, որ տեղի է ունենում ՄԻԵԴ-ում: Հետո հայցերի մի մասը բացակայում է, մի մասը Թուրքիայում ոչնչացվել է, բավականին շատ հարցեր կան, գումարած՝ դատավորներից մի մասի սուբյեկտիվ վերաբերմունքը ոչ հայամետ խնդրի նկատմամբ. իմ կասկածը դրանցից է», - նշեց Ա. Իսպիրյանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը Հայ եկեղեցուն, տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսությունից:
Սա, ըստ Կաթողիկոսության, լինելու է առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո:
Ավելի վաղ, նույն հարցով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը և Արամ Ա կաթողիկոսը դիմել էին Թուրքիայի Սահմանադրական դատարան:
ՍԴ-ն, իր հերթին, դիմել է երկրի արդարադատության նախարարությանը, վերջինս էլ մերժել է դատը՝ համարելով, որ այն դուրս է ՍԴ-ի իրավասության շրջանակներից: