08/12/2016 09:24
«Արցախբանկը» գտնվում է վտանգավոր գոտում. «Հրապարակ»
«Հրապարակը» հայտնել էր, որ ֆինանսական և տնտեսական կտրվածքով այս տարին ուշագրավ է նաև բանկերի խոշորացման առումով:
Ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ. դրամի հասցնել: Հայտնի է, որ Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկից կմնա 17-ը: Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել են, ինչպես, օրինակ, «Պրոկրեդիտը» միացավ «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն՝ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»՝ «Արդշինբանկին», «Զարգացման հայկական բանկը»՝ «Արարատբանկին»:
«Բանկերի հրապարակած վերջին հաշվետվության համաձայն (2016թ. երրորդ եռամսյակ)՝ մի շարք բանկեր համալրել են իրենց կապիտալը, ակտիվներն աճել են վարկավորման ավելացման հաշվին, պարտավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել: Դրանք են՝ «Անելիքը», «Արմսվիսը», «Պրոմեթեյը», «Մելլաթը»:
Այս պահի դրությամբ վտանգավոր գոտում է միայն «Արցախբանկը», որը կամ պետք է համալրի կապիտալը, կամ միանա մեկ այլ բանկի:
Մեզ տեղեկություններ են հասել, որ հնարավոր է «Արցախբանկը» վերոնշյալ ոչ մի տարբերակն էլ չանի, փոխարենը դառնա ԼՂՀ-ում գործող «Արցախբանկի» մասնաճյուղը Հայաստանում կամ գուցե վարկային կազմակերպություն: Այս օրերին մեր խմբագրությունը միավորվող բանկերից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում, կաշխատե՞ն, թե՞ կդառնան գործազուրկ: Միավորման պայմանագրերով պետք է հստակ երևա՝ կա՞ որևէ պայմանավորվածություն անձնակազմի, շենքերի հետ կապված: Այս առթիվ բանկերի ղեկավարությունները ոչինչ չեն հայտնել աշխատակիցներին»,-գրել է թերթը: