08/12/2016 13:33
Ամերիկյան և ֆրանսիական ավիակիրները համատեղ գործողություններ են սկսել ԻՊ-ի դեմ
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբերը Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ գործողություններ են սկսել Միջերկրական ծովի արևելյան մասում, տարածաշրջան, որտեղ ներկայում գտնվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիրը, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը:
Ֆրանսիական ավիակիր խմբի հրամանատար Օլիվիե Լեբան «Շառլ դե Գոլ» նավի վրա ամերիկացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է. «Ահաբեկչության, ԻԼԻՊ-ի դեմ պայքարը միջազգային խնդիր է: Անհրաժեշտ է, որ բոլոր երկրները համատեղ պայքարեն»:
Մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ի «Էյզենհաուեր» ավիակրի նավախումբը, որը դեկտեմբերի 4-ին Սուեզի ջրանցքով մտել է Միջերկրական ծովի արևելյան շրջան, համատեղ գործողություններ կիրականացնի «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի նավախմբի հետ: