08/12/2016 13:51
Հները պետք է փոխարինվեն նոր կադրերով. ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ իր տեղը զիջել երիտասարդներին
Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը դեռևս վստահ չէ՝ ներկայացված կլինի գալիք խորհրդարանի կազմում, թե՝ ոչ։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ կուսակցությունում դեռևս իր ընդգրկվածության մասին հարց չի քննարկվել։
Դիտարկմանը, թե ինքը ցանկանո՞ւմ է ընդգրկվել խորհրդարանի կազմում, Ա.Կարապետյանն ասաց. «Դեռ ինքս էլ չեմ որոշել՝ ուզում եմ մասնակցել գալիք խորհրդարանի աշխատանքներին, թե՝ ոչ: Պետք է քննարկվի, նոր իմանանք: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ պարզ կլինի, թե ովքեր են առաջադրվելու ՀՀԿ-ի ցուցակով»։
Արմեն Կարապետյանը նաև ընդգծեց՝ մտավախություն չունի, որ երիտասարդ կադրերը կընդգրկվեն ցուցակում, որի արդյունքում ինքը դուրս կմնա ցուցակից։
«Անպայման կօգնեմ երիտասարդ բոլոր կադրերին: Եթե երիտասարդն իրոք կկարողանա այն վարկանիշն ունենալ, կարողանա իր մեջ ուժ գտնել ու աշխատել ԱԺ-ում, ապա ես կօգնեմ այդ երիտասարդներին։ Ես կարծում եմ, որ երիտասարդացման կարիք ունի ոչ միայն ՀՀԿ-ն, այլ՝ ցանկացած մեկ այլ կուսակցություն. հները պետք է փոխարինվեն նոր կադրերով», - նշեց նա: