08/12/2016 13:18
Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը. Վարչապետի հանձնարարականը՝ ֆինանսների նախարարին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված լուծումներ առաջարկել:
«Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև իրենց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջադրվել է գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքները և մոտեցումները»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները:
«Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքից. բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում»,-նշեց Կ. Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները:
Կարեն Կարապետյանը ֆինանսների նախարարին հանձնարարեց շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկություններն, ինչպես նաև՝ դրանց հիման վրա մշակել և մինչև 2017 հունվարի 31-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ։