08/12/2016 16:04
Աբու-Դաբիում Իշխան Զաքարյանն առանձնազրույց ունեցել ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ
Աշխարհի շուրջ 200 երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների նախագահների գլխավորությամբ 768 պատվիրակներ դեկտեմբերի 7-ին պաշտոնապես սկսել են իրենց աշխատանքները Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում:
INTOSAI երեք հիմնական՝ Մասնագիտական ստանդարտներ, Կարողությունների զարգացման և Գիտելիքի փոխանակման կոմիտեների նիստերը մեկնարկել էին երկու օր առաջ:
Դեկտեմբերի 7-ին INTOSAI 22-րդ համագումարի բացումը կատարել է Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը:
ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման արարողությունից հետո Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը ընդունել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին:
Շեյխ Մանսուրը երկու երկրների հարաբերություններում կարևորել է և առանձնացրել վերահսկիչ բարձրագույն մարմինների ջերմ և բարեկամական հարաբերությունները, մաղթել բարեհաջող աշխատանք համատեղ ծրագրերում:
Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել առանձնահատուկ և ջերմ վերաբերմունքի համար, շնորհավորել Շեյխ Մանսուրին Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 45-ամյակի կապակցությամբ և սիրով հրավիրել է նրան 2017 թվականին այցելել Հայաստան իրեն հարմար ժամանակահատվածում:
Այս համագումարի շրջանակներում Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ, առանձնազրույց ունեցել ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ:
Դեկտեմբերի 9-ին նախատեսված է հանդիպում Իրանի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ:
Համագումարի ծրագրով նախատեսված է հատուկ թեմատիկ մեկ նստաշրջան, որը ենթադրում է քննարկումների շարք հաջող վարչարարությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը թեմայով:
INTOSAI 22-րդ համագումարի աշխատանքները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 12-ը: