08/12/2016 12:31
Լավրովը Շտայնմայերի և Քերրիի հետ քննարկել է Հալեպի իրադրությունը
Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Սերգեյ Լավրովը Համբուրգում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Գերմանիայի պատվիրակության աղբյուրին:
Նրա խոսքով՝ Լավրովի հետ զրույցի ընթացքում քննարկվել են «հրատապ հարցեր, ամենից առաջ Սիրիայի և Հալեպի իրադրությունը, նաև՝ Եվրոպայի անվտանգության, կայունության և խաղաղության հիմնական հարցերը»:
Նա նաև նշել է, որ զրույցը եղել է «երկար ու լուրջ»:
Շտայնմայերը Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հալեպում անհապաղ հրադադարի, հումանիտար մուտքի ապահովման և քաղաքական երկխոսության վերսկսման անհրաժեշտության մասին:
Նաև Լավրովը Հալեպի իրադրությունը քննարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
«Նրանք արծարծել են Հալեպում հրադադարի հասնելու և Սիրիայում տասնյակ հազարավոր անձանց մարդասիրական օգնություն հասցնելու բազմակողմանի ջանքերը, որոնք դրա կարիքն ունեն»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Քերիի հետ Հռոմում կայացած նախորդ հանդիպման ընթացքում պետքարտուղարը Լավրովին է հանձնել Հալեպի իրադրության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի նոր առաջարկությունները, որոնք, ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ համընկնում են այդ հիմնախնդրի նկատմամբ ռուսական մոտեցումներին: