08/12/2016 09:20
Կքննարկվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու հարցը. ՀԺ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է մի հարց, որը վերնագրված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին»։ Հաստատվելու է նաև այդ հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը, գրել է «Հայկական ժամանակը»:
«Այս տարօրինակ անվանումով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը։ Խորհրդի կազմում են նաև ֆիննախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտյոմ Կոստանդյանը։ Ուսումնասիրելով կանոնադրությունը՝ կարելի է պնդել, որ հիմնադրամին վերապահվում են կառավարության գործառույթներ։
Նպատակների մեջ նշվում է, որ հիմնադրամը պետք է աջակցի օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը, բարձրացնի երկրի ներդրումային ունակությունները, ապահովի ֆինանսական հոսքերի արագ աճ, օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլն։ Ուշագրավն այն է, որ այսպիսի մեգանպատակներ և այսպիսի անվանում ունեցող հիմնադրամ ստեղծելու մասին մինչ օրս ակնարկ անգամ չի եղել»,-գրել է թերթը։