08/12/2016 15:54
ՀՀԿ պատգամավորը դժգոհում է. Դժբախտ պատահարների լուսաբանումը չափից շատ է
Խորհրդարանում «Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեսքան Պետրոսյանը դժգոհեց, որ հեռուստատեսությամբ չափից շատ են ցուցադրում դժբախտ պատահարներ:
«Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել եթերը: Հիմա ավարիա է եղել կամ դժբախտ դեպք է պատահել, մարդ է մահացել, պարտադի՞ր է մեռած ու արյունոտ մարդուն ցույց տալ», - փոխոստիկանապետից հետաքրքրվեց պատգամավորը։
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը չհամաձայնեց պնդման հետ և հակադարձեց, որ նման իրադարձություններ ոստիկանությունը գրեթե չի լուսաբանում։
«Բազմաթիվ կայքեր, հետաքննություն իրականացնող լրագրողներ չարաշահում են այդ հարցը։ Ոստիկանությունն այդ ֆոնի վրա բավականին զուսպ է, և մեր կայքն ու 02-ը բավական զուսպ են», - եզրափակեց նա: