08/12/2016 12:58
Համաներում կկիրառվի, նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման վերջնաժամկետն էլ կհետաձգվի. Կառավարությունը հավանություն տվեց ՊԵԿ-ի նախագծին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց դրական եզրակացություն տալ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախաձեռնությանը և հարկային համաներում հայտարարել:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:
«Երկրորդ՝ կիրառել հարկային համաներում՝ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին ազատել այդ գումարների վճարումից: Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պատրավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից: Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանքներից, հարկային մարմին ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումներից»,- օրենսդրական նախագիծը ներկայացնելիս ասաց Վարդան Հարությունյանը:
Մեկ այլ նախագծով էլ ՊԵԿ նախագահն առաջարկեց գործունեություն չիրականացնող գույք ու հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել:
Հաջորդ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներկրման վերջնաժամկետը երկարացնել մինչև 2018 թվականի հունվարի մեկը, իսկ վերջին նախագծով՝ առաջարկվում է ակցիզային դրոշմանիշների էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017 թվականի հունվարի մեկից:
«Պետք է մաքսիմալ տեղեկացված պահել հանրությանը, որպեսզի իմանանч ինչի մասին է խոսքը և իենք պատրաստվեն, եթե դրա հարկը կա և կիրառեն այս արտոնությունները ու նախաձեռնությունները»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը: