08/12/2016 17:06
Ուկրաինայի արևելքում հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 9700 մարդ
Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 9 հազար 700 մարդ, ևս 22 հազար 700-ը վերքեր են ստացել: Ինչպես հայտնում է ТАСС-ն այս մասին ասված է ՄԱԿ-ի՝ Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային առաքելության (ՈւՄԻՄԱ) հերթական եռամսյակային զեկույցում:
«2014 թվականի ապրիլի կեսերից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 9 հազար 758, ևս 22 հազար 779-ը՝ վիրավորվել են»,-նշվում Է փաստաթղթում: Զեկույցում ընդգծվում է, որ «այդ թիվը ներառում է Ուկրաինայի զինված ուժերի, քաղաքացիական անձանց և զինված խմբերի անդամների կորուստները»:
Ավելի քան երկու հազար զոհվածներ քաղաքացիական անձինք են, ներառյալ Դոնբասում կործանված «Բոինգ»-ի 298 ուղևորները և անձնակազմի անդամները, հիշեցնում է ՈւՄԻՄԱ-ն:
Հակամարտության ընթացքում վիրավորված քաղաքացիական անձանց թիվը գնահատվում է 6-7 հազար: